Բիզնես պլան. Ինչպե՞ս կազմել և ինչի՞ն ուշադրություն դարձնել
Այս նյութում ծանոթանալու ենք բիզնես պլանին, դրա կարևորությանը, ճիշտ բիզնես պլան կազմելու գաղտնիքներին և SWOT վերլուծությանը։
Ի՞նչ է բիզնես պլանը
Բիզնես պլանը ձեր նախագծի մանրամասն, մատչելի, ճշգրիտ նկարագրությունն է, որի հիման վրա իրականացվում են բիզնես գործընթացները։ Այն անհրաժեշտ է ներդրողներին, բանկերին, ձեր գործընկերներին, ձեր թիմին և հենց ձեզ՝ որպես նախագծի ստեղծող։ Այս կարևոր գործիքի գլխավոր խնդիրն է համոզել հնարավոր գործընկերներին, որ ներդրումների տեսանկյունից ձեր նախագիծը հետաքրքիր է և կփոխհատուցի ներդրված գումարն ու ջանքերը։
Բիզնես պլանը ցույց է տալիս, թե որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ նախագծի իրականամացման համար։
Կարճ ասած այս պլանը ձեր բիզնեսի տեսլականն է։
Հնարավորությունները
Բիզնես պլանավորումը տալիս է մի շարք հնարավորություններ՝
- Ընկերության ուղղվածության հստակեցում
- Շուկայի ուսումնասիրություն
- Ռազմավարության ստեղծում
- Ծախսերի հստակ պլանավորում
- Ռիսկերի կանխատեսում
Կարևոր քայլեր՝ բիզնես պլան կազմելու համար
Բիզնես պլանավորման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ պարզ քայլերը․
1․Ռեզյումեի պատրաստում
Ռեզյումեն ամբողջ փաստաթղթի համառոտ բովանդակությունն է՝ ձեր կատարած հաշվարկների եզրակացությունը։
2․Ապրանքի նկարագրություն
Այս փուլում դուք պետք է մանրամասն նկարագրեք ձեր առաջարկած ծառայությունը կամ ապրանքը և վերլուծեք դրա ներուժը։
3․Շուկայի ուսումնասիրություն
Պետք է մանրամասն դիտարկել և ուսումնասիրել շուկան, պարզել մրցակիցների ապրանքների կամ ծառայությունների հանդեպ ունեցած առավելությունները և թերությունները։
4․Պոտենցիալ գնորդների բնութագրում
Պետք է հստակ նշել, թե ով է ձեր թիրախային լսարանը և մանրազննին բնութագրել նրանց՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները։
Արտադրության պլան և ծախսերի հաշվարկ
Պետք է կատարել հստակ հաշվարկ, հաշվի առնելով՝
- հումքի և փաթեթավորման ծախսերը
- աշխատողների աշխատավարձը
- տարածքի վարձույթի ծախսերը, կոմունալ ծախսերը
- գովազդի ծախսերը
6․Առաջխաղացման պլան
Այս պլանի նպատակն է ապրանքը հաջողությամբ դուրս բերել շուկա և սպառողների շրջանում գրավել առավել բարձր դիրք։
Առաջխաղացման պլանը պատասխանում է հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ առաջարկել գնորդին:
Այն ներառում է ոչ միայն բուն ապրանքի գինը, այլև լրացուցիչ ծառայությունները, ինչպիսիք են անվճար առաքումը, զեղչերը և հատուկ առաջարկները:
- Վաճառքի ի՞նչ տարբերակներ օգտագործել:
Դա կարող է լինել ոչ միայն հաճախորդների հետ անմիջական շփումները, այլ նաև կապը գործընկերի հետ։ Ի դեպ, այս թեմայով մանրամասն խոսել ենք B2B վաճառքների մասին մեր նյութում։
- Գովազդի ո՞ր տեսակից օգտվել
Դուք կարող եք օգտվել սովորական գովազդից, մասնակցել գործընկերների միջոցառումներին և եթե ներում է ձեր բյուջեն՝ դիմել մարքեթինգային ծառայություններին։
7․Կազմակերպչական պլան
Այս փուլում դուք նկարագրում եք ընկերության կառուցվածքը։ Նշե՛ ք, թե ընկերության ո՞ր բաժինները կընդգրկվեն կազմակերպչական գործընթացներում։ Կարևոր է սահմանել դրանցից յուրաքանչյուրի պարտականությունների շրջանակը և կազմել կադրային աղյուսակ։
Եթե դուք նախատեսում եք ապրանքի արտադրության մեջ ներգրավել գործընկերներ կամ կատարել վերավաճառք, ապա կարևոր է նաև դրանք ներառել կազմակերպչական պլանում։
Օրինակ՝ եթե շոկոլադի վաճառքի հետ ցանկանում եք վերավաճառել նաև բացիկներ, ապա անհրաժեշտ է դա նույնպես ներառել կամզակերպչական պլանում։
8․Ֆինանսական պլան
Դուք պետք է նկարագրեք ֆինանսավորման և եկամտի բոլոր աղբյուրները, ինչպես նաև բոլոր ծախսերը՝ հաշվի առնելով գովազդային, արտադրական և կազմակերպչական ծախսերը ևս:
Նախապես մտածեք, թե որքան գումար եք օգտագործելու բիզնեսը զարգացնելու համար, ձեր սեփական գումարից որքա՞նն եք պատրաստ ներդնել և ո՞վ կարող է կատարել ֆինանսական ներդրում:
Այս հաշվարկները պետք է կատարեք անընդհատ՝ ամեն ամսվա համար, չմոռանալով հարկերի մասին։
SWOT վերլուծություն
SWOT վերլուծությունը պլանավորման մեթոդ է, որն օգնում է ընկերությանը որոշել զարգացման ուղին՝ հաշվի առնելով նրա ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև շուկայում առկա հնարավորություններն ու սպառնալիքները: SWOT վերլուծության վերջնական արդյունքը կազմակերպության (նախագծի) հետագա զարգացման ռազմավարության մշակումն է։
Ի՞նչ է նշանակում SWOT
SWOT-ը անգլերեն հապավում է՝ կազմված 4 բառերից՝
- S – strength (ուժեղ կողմեր)
- W – weakness (թույլ կողմեր)
- O – opportunities (հնարավորություններ)
- T – threats (ռիսկեր)
Մանրակրկիտ ուսումնասիրենք այս բոլորը ուղղություները
Ուժեղ կողմեր
Անունից էլ պարզ է դառնում, որ պետք է հասկանաք ձեր ընկերության ուժեղ կողմերը։
Հասկացեք, թե ինչ է լավ անում ձեր ընկերությունն ու ինչով է առանձնանում իր մրցակիցներից։
Որքան ավելի հստակ կարողանաք նկարագրել ձեր ուժեղ կողմերը, այնքան ավելի լավ կստացվի ձեր SWOT վերլուծությունը:
2․ Թույլ կողմեր (W)
Անկախ նրանից, թե որքան լավն է ձեր ընկերությունը, այն կատարյալ չէ: Նայելով ձեր թույլ կողմերին՝ դուք կարող եք տեսնել, թե որտեղ եք թերանում: Հասկացեք ձեր բիզնեսի այն կողմերը, որոնք կարող են խանգարել ձեզ՝ ձեր նպատակներին հասնելու ճանապարհին: Բացահայտեք այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն:
Ձեր թույլ կողմերի մատնանշումը ձեր SWOT վերլուծությունից առավելագույն օգուտ քաղելու համար կարևոր պայման է:
3․ Հնարավորություններ (O)
Շուկան անընդհատ փոփոխվում է. Սա այն կետն է, որը ձեզ կօգնի բացահայտել ցանկացած հնարավորություն, որի մասին նախկինում չէիք մտածել։ Մտածեք, թե ինչ նոր հեռանկարներ կարող եք ստանալ։
Ուշադրություն դարձրեք շուկայի փոփոխություններին, որոնք կարող են զգալի առավելություններ տալ ձեզ՝ մրցակիցների նկատմամբ:
4․ Ռիսկեր (T)
Ուշադրություն դարձրեք շուկայում առկա բոլոր գործոններին, որոնք կարող են վնասել ձեր բիզնեսին: Մտածեք պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ աճի ընթացքում, իրավիճակների մասին, որոնք կարող են զրոյացնել՝ հաճախորդներ ներգրավելու ջանքերը:
Վերոնշյալ հմտություններն ու գործիքները կխթանեն ձեր բիզնեսի առաջխաղացումն ու զարգացումը։